Այս Խաղերում Միքայելի գրանցած արդյունքը լիովին համարժեք է իր ուժերին. Ալլա Միքայելյան

13:08 - 21 Փետ, 2016

Պատանեկան Օլիմպիական խաղերը ժամեր անց կանցնեն պատմության գիրկը՝ իրենց հետևից թողնելով նոր Օլիմպիական չեմպիոնների անուներ, լավ հիշողություններ և մարզական մեծ փորձ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում դահուկորդ Միքայել Միքայելյանի մարզիչ Ալլա Միքայելյանն ամփոփեց անցած խաղերը և իր գնահատականը տվեց որդու ելույթներին:

 

-Տիկին Միքայելյան, ինչպես եք գնահատում Միքայել Միքայելյանի երեք մեկնարկները  պատանեկան Օլիմպիական խաղերում:

-Պատանեկան Օլիմպիական խաղերից առաջ մեզ համար անհայտ էր, թե ինչպիսինն են մեր մրցակիցները: Նման էր մութ թունելի, որտեղ հայտնի  չէին ոչ մեր ուժերը, ոչ մեր մրցակիցների ուժերը:  Եվ եթե Խաղերից առաջ ինձ հարցնեին, թե ինչ տեղերի համար կարող ենք պայքարել, ես չէի կարողանա ոչինչ ասել: Առաջին մեկնարկից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ինչի է ունակ Միքայելը: Նրա գրանցած արդյունք այս խաղերում լիովին համարժեք է իր ուժերին: Եթե ավելի ցածր արդյունք գրանցեր, ապա կստացվեր, որ մեր աշխատանքն իզուր է: Ես և Միքայելի հայրը՝ Արթուրն, արդեն տեսնում ենք այն հեռանկարները, որոնք նա ունի: Իհարկե, ես գոհ եմ նրա գրանցած արդյունքից: Բավականին դժվար է մրցակցել այնպիսի պետությունների հետ, ինչպիսինն Նորվեգիան, Շվեդիան և Ռուսաստանն են: Բայց մի բան ակնհայտ է, վերջնական արդյունքներում Միքայելը զիջում է առաջատար տասնյակին միայն 30 վայրկյան: Սակայն առաջին վեցնյակի հետ մրցել դեռևս բավականին դժվար է:

-Վստահաբար շատ բան ունենք ձմեռային մարզաձևերում գերտերություններ համարվող երկրներից սովորելու: Ինչպիսի՞  հետևություններ եք արել դուք:

-Իհարկե ես իմ հետևություններն արդեն արել եմ մինչև այս խաղերը: Սակայն ավելի շատ բան սովորել ենք և ոչ թե այստեղ, այլ դահուկավազքի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի կողմից անցկացվող դասընթացների ժամանակ: Բայց այս խաղերի ընթացքում է, որ բացահայտվում է մեր աշխատանքի արդյունքը, թե ինչի ենք հասել այս ընթացքում:

-Այդ դեպքում որոնք են այն նկատառումները, որ արել եք այդ դասընթացներից հետո:

-Նորվեգների հետ աշխատանքը մեզ համար բացահայտեց ժամանակակից դահուկասահքում առավել լավ արդյունքների հասնելու հնարավորությունները: Կարող եմ ասել, որ տեխնիկապես առավել հարուստ ենք, քան մի շարք այլ պետությունները: Միքայելն իր տեխնիկայով չի զիջում մեր մարզաձևում առաջատարներին:

-Միքայելը ՀԱՕԿ-ի հետ զրույցում առանձնակի շեշտեց, որ այս խաղերից հետո ինքն ավելի շատ է հավատում իր ուժերին, Դուք և՞ս այդ կարծիքին եք:

-Այո, համակարծիք եմ: Հիմա մենք գիտենք մեր ուժեղ կողմերի մասին: Միքայելը կարող է ոտք գցել իր ավագ եղբոր՝ Սերգեյի հետ: Կարծում եմ Միքայելի լավ արդյունքները չեն թողնի որ Սերգեյը մնա նույն տեղում:

-Տիկին Ալլա, մի շարք Օլիմպիական խաղերի եք մասնակցել: Ինչպիսի՞ կազմակերպվածություն ունեին այս խաղերը:

-Անխոս, պատանեկան Օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեն իսկապես մեծ աշխատանք էր կատարել և չի թողել ոչ մի բաց տեղ: Նրանք արժանի են ամենաբարձր գնահատականին: Դահուկասահքի համար նախատեսված թե մրցուղին, թե մարզակառույցները անօրինակ լավ են պատրաստված: Նույնիսկ մեծահասակների աշխարհի առաջնությունում կդժվարանաս նման մի բան գտնել: Ամեն ինչ ժամանակի ճշգրտությամբ էր աշխատում: Պատանեկան այս խաղերի մթնոլորտն այլ է՝ ջերմ փոխհարաբերություններ, ընկերական մթնոլորտ:

Լիլեհամեր, Նորվեգիա

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

 

 

 

Այլ նորություններ