Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակը հավերժացնող գավաթի խաղարկության հոբելյանական ` 25 –րդ մրցաշարը / տարիքային երկու խմբով / : Մասնակցեցին 26 երկրների 140 պատվիրակներ:
Մեծահասակների բազմամարտում գերազանց մրցելույթներ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ, շնորհալի Արթուր Դավթյանը: Նա վստահորեն գրավեց առաջին տեղը ` իրենից ետ թողնելով մրցանակային եռյակում հաջորդաբար տեղ գտած Ճապոնիայի և Ռուսաստանի մարզիկներին: Արթուրը կայունությամբ աչքի ընկավ նաև առանձին գործիքների վրա մրցումներում: Երևանցին առաջինն էր նժույգթափերում , երկրորդը` օղակների և երրորդը ` ազատ վարժություններում:
Երիտասարդների պայքարին մասնակցեց մեր պատվիրակ Գագիկ Խաչիկյանը ,ով բազմամարտում եզրափակեց առաջին ությակը, իսկ նժույգթափերում գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվանդանի ամենավերին աստիճանին:
Մարմնամարզուհիների մրցումների հենացատկ մրցաձևում տոն տվեց մեր միակ մասնակից Աննա Գրիգորյանը: Նա երրորդ արդյունքով մտավ եզրափակիչ և ուժեղագույն ությակի մրցավեճում գրավեց պատվավոր չորրորդ տեղը: Աննան 12 –րդն էր բազմամարտում:
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը ճանաչվեց հինգերորդը:
ՀԱՕԿ լրատվական բաժին