ՀԱՕԿ – Ի ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

13:37 - 26 Մայ, 2021

Հաշվված ՝ 58  օր է  մնացել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին: Կորոնավիրուսի պատճառով առաջիկա մարզահանդեսը տարբերվում է նախորդներից, քանզի, կարելի է ասել, անթիվ – անհամար են խնդիրները: Այսպես իր խոսքը սկսեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կազմակերպությունում այսօր հրավիրված խորհրդակցությունում:

Ներկա էին  համապատասխան ֆեդերացիաների, թիմերի ղեկավարներ ու  մարզիչներ:

Բանախոսը  ներկայացրեց խաղերին առնչվող բազմաթիվ մանրամասներ:

Պարտադիր պայման է պատվիրակության անդամների / բացառությամբ մարզիկների / պատվաստման հարցը: Տոկիո մեկնողները այդ առումով պետք է ունենան համապատասխան անձնագիր: Ընդունելի են բոլոր այն պատվաստանյութերը , որոնց ճանաչել  է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Օլիմպիականները մրցավայր կարող են մեկնել իրենց մրցելույթներից  ոչ շուտ , քան հինգ օր առաջ: Յուրաքանչյուր ոք մրցավարտից առնվազն 48 ժամվա ընթացքում պետք է մեկնի Ճապոնիայից:

Այնտեղ ուսումնամարզական պարապմունքներ  չեն կազմակերպվելու, ինչպես եղել է նախկինում:

Մարզաձևերի պատասխանատուներին  առաջարկվեց, որ ընտրեն իրենց համար ցանկալի մասնագիտական հանդերձանք, որի համար գումարը կտրամադրի ՀԱՕԿ –ը: Միասնական հագուստը նույնպես ՀԱՕԿ –ը կհատկացնի:

Մեր պատվիրակությանը տրամադրվել է ընդամենը մեկ բժշկի տեղ: Խիստ կրճատվել է  ղեկավարների, ուղեկցողների քանակը: Ինչ վերաբերում է մարզիչներին ,ասենք  որ յուրաքանչյուր մարզաձևում, չորս մասնակցի պարագայում,  կթույլատրվի ընդամենը մեկ մարզիչ, մինչև ութ հոգու դեպքում ՝ երկու մարզիչ և այդպես  շարունակ: Օրինակ, մեր երկրից խաղեր մեկնող  հունահռոմեական ոճի չորս ըմբիշներին պետք է ուղեկցի միայն մեկ մարզիչ:

Առայժմ  ունենք  օլիմպիական ութ ուղեգիր: Անտարակույս, այդ թիվը  կավելանա: Նախ, որ երկու ծանրորդի վարկանիշ արդեն կա , որոնց անունները գլխավոր մարզիչը կհրապարակի հունիսի վերջերին: Սպասելիքներ ունենք բռնցքամարտիկներից, հրաձիգներից ,աթլետներից, լողորդներից և այլն:

Հրաչյա Ռոստոմյանին ներկաները ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին բովանդակալից, սպառիչ պատասխաններ: Այդուհանդերձ խաղերին վերաբերող շատ  խնդիրներ դեռևս լուծում են պահանջում: Եվ սա  մտահոգում է ՄՕԿ –ի անդամ ավելի քան 200 երկրների մարզական պատվիրակություններին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտ բոլոր քայլերը կատարում է , որ մեր օլիմպիականները խնդիր չունենան, որ նրանց անվտանգությունը ապահովվի, տրամադրությունը լինի մարտական ու մրցուղերթը հաջողությամբ պսակվի:

 

Այլ նորություններ