Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստը:
Մինչ նիստը կսկսվեր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի և իր անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Շահազիզյանին:
«Արմեն Շահազիզյանը ֆեդերացիայի ղեկը իր ձեռքը վերցրեց այն ժամանակ, երբ հայկական ծանրամարտը ինչ-որ տեղ անկում էր ապրում: Այն ընթացքում, ինչ ֆեդերացիան ղեկավարում էր պարոն Շահազիզյանը, հայկական ծանրամարտում դրական շարժ նկատվեց: Նա մեծ ֆինանսական ներդրումներ կատարեց` դրանով իսկ խթանելով հայկական ծանրամարտի զարգացումը: Պարոն Շահազիզյանը անձնական խնդիրներից ելնելով` իր սեփական դիմումի համաձայն հրաժարական տվեց: ՀԱՕԿ-ի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Արմեն Շահազիզյանին` այդ ծանր ժամանակներում հայկական ծանրամարտի կողքին կանգնելու համար: Ինչպես գիտեք, հասել ենք օլիմպիական քառամյա շրջափուլի վերջին` ամենակարևոր մասին, և ելնելով այս իրադրությունից` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի դեմս Գագիկ Ծառուկյանի` որոշեց իր վրա վերցնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ծախսերը և զբաղվել բոլոր հարցերով»,- իր ելույթում նշեց Ռոստոմյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ֆեդերացիայի հետագա անելիքները, առաջացած խնդիրները: Քննարկվեցին Հայաստանում կանանց ծանրամարտի զարգացման հնարավոր ուղղությունները:
Հրաչյա Ռոստոմյանը նաև հավելեց, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գոհ է ծանրամարտի Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի և Արտաշես Ներսիսյանի կատարած աշխատանքներից:
Փաշիկ Ալավերդյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, այս դժվար իրադրության մեջ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կողքին մնալու և աջակցելու համար:
«Ամբողջ ֆեդերացիայի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ֆեդերացիայի կողքին մնալու և աջակցելու համար: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ, վստահությունն արդարացնելու և ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար»,- ասաց Ալավերդյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին