Միշտ չէ , որ Հայաստանի առաջնությունները աչքի են ընկնում գրավչությամբ: Այդ առումով ուրիշ էր սամբոյի համապետական ստուգատեսը, որն անցկացվեց Երևանի << Դինամո >> մարզադահլիճում: Այն կարելի է անվանել հեղինակությունների մրցաշար, քանզի 96 մասնակիցների գրեթե կեսը աշխարհի, Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների մեդալակիրներ էին: Եղան գոտեմարտեր, որոնք բնավ չզիջեցին ամենախոշոր միջազգային մրցաշարերի եզրափակիչներին: Ասածը լիովին հաստատեց ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Ավելին, նա ասաց, որ միջազգային ցանկացած մրցաշարի զարդը կհանդիսանային Գրիգոր Մխիթարյան / 58 կգ, Գյումրի / - Տիգրան Կիրակոսյան / Վանաձոր / ,Մաքսիմ Մանուկյան / 64 կգ , Գյումրի / - Արամ Աղաջանյան / Աբովյան /, Արսեն Ղազարյան / 79կգ, Վանաձոր / - Դավիթ Գրիգորյան / Արցախ / զույգերի եզրափակիչ գոտեմարտերը, որոնցում հաղթեցին առաջինը նշված անունները:
Ֆեդերացիայի ղեկավարը իր գոհունակությունը հայտնեց նաև կանանց մրցաշարի հաղթողներ, բյուրեղավանցի Մելինե Մամիկոնյանի / 50 կգ / և գառնեցի Վարսիկ Գրիգորյանի / 54 կգ / լավ մրցելույթների համար:
Խոսելով մարզիկների ընդհանուր պատրաստականության մասին, ֆեդերացիայի ղեկավարն ընդգծեց մրցողների մոտ առկա տեխնիկական հնարքների բազմազանության, և որ հաճելի իրողություն է, այս մրցաշարում ավելի շատ կիրառվեցին ցավեցնող հնարքներ, փաստ, որի համար արժանին պետք է մատուցել անձնական մարզիչներին:
Հայաստանի պատանեկան, երիտասարդական, մեծահասակների և մարտական սամբոյի հավաքականները մարզիչների ղեկավարությամբ կշարունակեն պպարապմունքները, իսկ մայիսին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Նպատակը մեկն է ՝ լավ մարզավիճակով ներկայանալ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մայիսի 25 – 30 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
Արժե նշել ,որ 79կգ քաշային կարգի չեմպիոն Արսեն Ղազարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն սամբիստ, աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին է: Ուզում ենք հավատալ, որ նա կկրկնի, ավելին ՝ կգերազանցի իր անվանի հայրիկի ռեկորդը: