<< ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՋՐՈՒՂԻՆԵՐՈՒՄ >>

11:25 - 12 Մար, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թիավարության  միջազգային ֆեդերացիային  հավաստիացրել է, որ մարզիկները կկարողանան մայիս ամսին ժամանել Ճապոնիա ՝ մասնակցելու ընտրական  մրցաշարերին: Իշխանությունները ծրագրում են  մեղմացնել   երկիր մուտք գործելու կանոնները, որոնք խստացվել են հայտնի պատճառով: Այնուամենայնիվ  հարկ է կատարել համապատասխան պահանջները.  պահպանել ֆիզիկական  հեռավորություն,  կրել դիմակ, ձեռնոց և  տեղաշարժվել տրամադրվող  մեքենաներով։

Թիավարության միջազգային ֆեդերացիայի գործկոմը  հաստատել է  մայիսի 5-7-ը Ասիայի և Օվկիանիայի  օլիմպիական որակավորման մրցաշարի անցկացումը, որը նաև  ստուգողական նշանակություն կունենա։

Անցյալ շաբաթ Ռիո դե Ժանեյրոյում  տեղի է ունեցել Հարավամերիկյան երկրների  օլիմպիականների ընտրությունը, որն ավարտվել է մի քանի օր շուտ՝  Բրազիլիայիում ընդունած նոր  սահմանափակումների պատճառով: 

Եվրոպացիները Տոկիոյի խաղերի ուղեգրերի համար  կմրցեն ապրիլի 5-7-ը ՝ Իտալիայի Վարես քաղաքում: Որակավորման վերջնական ստուգատեսը  նշանակված է մայիսի 21-23-ը՝  Շվեյցարիայի Լյուցեռնում: 

Ի դեպ, եվրոպացի մարզիկների համար նախատեսված  վարկանիշային մրցաշարերին նախապատրասատվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ մեր  ակադեմիական թիավարները նույնպես կմրցեն   Վարեսում, իսկ բայդարկա և կանոէ մրցաձևերում օլիմպիական  ուղեգրերը կխաղարկվեն Հունգարիայի Տեգեց քաղաքում ՝  մայիսին: Երկու դեպքում էլ մերոնք  հանդես կգան   երկտեղանոց նավակներով:

 

Այլ նորություններ