Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը տրվեց Լիլեհամերի կենտրոնական մարզադաշտում՝ արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի մասնակցությամբ:
Բացման պաշտոնական արարողությունը կայացավ Լիլեհամերի «Լյուսհորսբաքեն» մարզադաշտում, որտեղ կայացել էր նաև 1994 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը: Լիլեհամերում այս օրերին ցուրտ է, բայց արարողությանը թիմերը ներկայացել էին մեծաքանակ պատվիրակությամբ: Մասնակիցների համար նախատեսված հատվածը լի էր մարզիկներով, ովքեր առիթը բաց չէին թողնում ևս մեկ անգամ փոխանակվելու տարբերանշաններով (Pins):
Մինչ կսկսվեր բացման արարողության հիմնական մասը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը իր ողջույնով շնորհավորեց բոլոր մարզիկներին՝ մարզական այս տոնին մասնակցելու լինելու համար. «Սիրելի մարզիկներ, բարով եք եկել ձեր խաղերին: Հաջորդ 10 օրերն անկրկնելի կլինեն ձեզ համար: Այս խաղերը ցույց կտան ձեր սերը դեպի սպորտը: Այս խաղերը կլինեն ուսուցողական, սովորեցնող, բայց որ ամենակարևորն է` նոր ընկերներ գտնելու խաղեր»,-ավելացրեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Օլիմպիական խաղերի դրոշը մարզադաշտ բերելու պատիվը տրված էր մի քանի մարզիկների, ովքեր Օլիմպիական տարբեր խաղերի մրցանակակիրներ են: Մարզիկների, մարզիչների և մրցավարների անունից օլիմպիական երդում տվեցին նորվեգացիները:
Ձմեռային խաղերի կրակը վառեց Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան:
Ձմեռային խաղերի կարգախոսն է՝ «Դուրս արի սահմաններից, ստեղծիր ապագան»:
Լիլեհամեր, Նորվեգիա
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին
Պաշտոնական գործընկեր` Ucom