ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁՅՈՒԴՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

12:24 - 29 Հոկ, 2020

Ձյուդո մարզաձևը  Հայաստան է մուտք գործել 1960 - ականներին։ Մեզանում առաջին մրցաշարը տեղի է ունեցել 1968 –ին։ Առավել սիրվել  է Գյումրիում։ Տեղացի սամբոյի մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանի աշակերտներից Պավլիկ Սարգսյանը նույն ՝ 1968թ․ ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Անգլիայում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Հաջորդ մրցաշրջանում  շնորհալի մասնագետի մեկ այլ սան ՝ Արամ Գրիգորյանը երրորդ մրցանակակիր է  դարձել կրկին Եվրոպայի երիտասարդականում։

1972թ․ ԽՍՀՄ սպորտպետկոմի հրահանգով միութենական բոլոր հանրապետություններում ստեղծվել են  մարզաձևի ֆեդերացիաներ։ Հայաստանում կազմակերպության նախագահ է ընտրվել ըմբշամարտ մարզաձևի խոշոր գիտակ, մեծանուն մասնագետ, վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կառլեն Աթոյանը։

Համամիութենական ստուգատեսներից առաջին անգամ մեդալով է տուն վերադարձել  երևանցի Գագիկ Աղամալյանը։ Նա Քիշնևում 1975թ․ անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադայում կանգնել է պատվանդանի << բրոնզե >> աստիճանին։

Խորհրդային Միության հայաստանցի առաջին և միակ չեմպիոնը  երևանցի Հարություն Հարությունյանն է։

Մեր երկրից Եվրոպայի առաջին չեմպիոնը  հրազդանցի Արմեն Նազարյանն է, իսկ աշխարհի առաջնության միակ մեդալակիրը ՝ երրորդը ճանաչված գյումրեցի Հովհաննես Դավթյանը, ով այժմ ղեկավարում է ՀՀ գլխավոր հավաքականը։

Մերօրյա ձյուդոիստներից  մեզանում առավել ճանաչում ունի հին աշխարհամասի ոսկե դափնեկիր  Ֆերդինանդ Կարապետյանը։ Նա օլիմպիական վարկանիշային բարձր միավորներ է վաստակել և հանդիսանում է Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցի իրական հավակնորդ։

Այլ նորություններ