Ճապոնիայի կառավարությունը օլիմպիական խաղերի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ուսումնասիրում է տեսահսկման համակարգը օգտագործելու հնարավորությունը։ Այն պետք է խթանի COVID-19- ի դեմ պայքարին։
Առաջին հերթին դա վերաբերում է այն տեսախցիկներին, որոնք տեղադրվելու են օլիմպիական համալիրների մուտքի մոտ: Դրանք կգրանցեն խաղերին հավատարմագրված մարզիկներին, պատվիրակությունների անդամներին, լրագրողներին, մյուսներին:
Դեմքի ճանաչման համակարգը կօգնի արագորեն հայտնաբերել կորոնավիրուսով վարակվածներին, հետևել շարժումներին և նրանց հետ կապի մեջ գտնվող մարդկանց: Մարզահամալիրներում տեղադրված տեսախցիկներն իրենց հերթին կօգնեն հաշվարկել դիմակների ռեժիմը խախտողներին:
Այնուամենայնիվ մարզասերների ներկայության խնդիրը դեռևս պարզ չէ։ << Տոկիո -2020 >> կազմկոմիտեն ՄՕԿ-ի և Ճապոնիայի կառավարության հետ համատեղ, մշակում է տարբեր սցենարներ:
Մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ ենթադրում են, որ օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց օտարերկրյա հանդիսատեսի, իսկ տրիբունաներում տեղացիների թիվը խստորեն կսահմանափակվի: Չի բացառվում, որ մրցասպարեզներն ամբողջությամբ փակվեն հանրության առջև:
Կազմկոմիտեն վերջնական ձևաչափը պետք է որոշի մինչ օրացուցային տարվա ավարտը: Միևնույն ժամանակ, Ճապոնիայի իշխանությունները մշակում են անվտանգության լրացուցիչ այլ միջոցառումներ:
Առաջարկվող տարբերակների թվում են երկիր մուտք գործող բոլոր անձանց պարտադիր թեստավորումը և բժշկական ապահովագրության առկայությունը: Հնարավոր է մասնակիցների սմարթֆոններոմ տեղադրվեն հատուկ ծրագրեր, որոնք կվերահսկեն տվյալ մարդու առողջական վիճակը: Օլիմպիական ավանի տարածքում նախատեսվում է ստեղծել առանձին բժշկական կենտրոն նրանց համար, ում կորոնավիրուսի թեստը դրական կլինի։
Տոկիոյի ցուցահանդեսային կենտրոնում, որը խաղերի ընթացքում օգտագործվելու է որպես մամուլի հիմնական և հեռարձակման միջազգային կենտրոն, անցկացվել է եռօրյա թեստային միջոցառում։ Կազմկոմիտեն ուսումնասիրել է ջերմությունը չափելու տարբեր տեխնոլոգիաներ: Օգտագործվել են ոչ կոնտակտային ջերմաչափեր, հատուկ տեսախցիկներ և ջերմաշերտերի տեխնոլոգիաներ: Դրանցով նախատեսվում է զինել կամավորներին։ Բարձր ջերմաստիճանի նկատմամբ զգայուն բյուրեղներով ջերմաշերտերը ապարանջանների տեսք կունենան: