Միլանում և Կորտինա դ'Ամպեզցոյում 2026թ․ կայանալիք ձմեռային 25 –րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել խորհրդանշական մեկնարկից երկու հազար քսանվեց օր առաջ։
Կազմակերպիչները նշել են, որ չնայած համավարակին, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են լավատեսական, դրական ու ակտիվ տրամադրությամբ։
Ձմեռային մարզահանդեսը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ միաժամանակ անցկացվելու է Իտալիայի երկու քաղաքում:
Հայտնի է նաև, որ փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, Միլանի << Սան Սիրո >> մարզադաշտում:
Նշենք, որ Իտալիայում ձմեռային խաղեր են անցկացվել նաև Թուրինում՝ 2006թ․ և մինչ այդ՝ Կորտինա դ'Ամպեցոյում ՝ 1956թ․, որտեղ հանդես են եկել հայազգի երկու մարզիկներ։ Նրանք են՝ իրանցի լեռնադահուկորդ Բենիկ Ամիրյանը, որը մրցանակակիր չի դարձել, և ռուսաստանցի հոկեյիստ Գրիգոր Մկրտչյանը։ Վերջինս մեծ վարպետությամբ է պաշտպանել Խորհրդային Միության տափօղակով հոկեյի հավաքականի դարպասը և նվաճել է չեմպիոնի կոչումը։ Մկրտչյանն առաջին հայ մարզիկն է , որն արժանացել է ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրի կոչմանը։ Բացի այդ, անվանի դարպասապահը եղել է ԽՍՀՄ իննակի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն։
Հայորդին համարվում է մարզաձևի խորհրդային դարպասապահների դպրոցի հիմնադիրը ։ Գրիգոր Մկրտչի Մկրտչյանը ծնվել է 1925թ․ Կրասնոդարում, մահացել է 2003թ․ և հուղարկավորվել է Մոսկվայի հայկական գերեզմանոցում։