ՄԱՀԱԶԴ. ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ

17:02 - 23 Հուն, 2020

Հայրենական սպորտը, մասնավորապես  ըմբշամարտը, ծանր կորուստ կրեց։ 85 տարեկան հասակում  կյանքին հրաժեշտ տվեց միջազգային ըմբշամարտում մեծ ճանաչում և հեղինակություն վայելող Ստեփան Լևոնի Ղազարյանը։

Երևանում ծնված մասնագետի  մասնակցությամբ մրցաշարերը թիվ - սահման չունեն: Անհնար է հաշվել դրանք. ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, համամիութենական սպարտակիադաներ, ԽՍՀՄ և համաշխարհային ուսանողական խաղեր, Բարի կամքի և օլիմպիական խաղեր: Եղել է բոլոր աշխարհամասերում, ականատես  դարձել 90 երկրներում անցկացված մարզական միջոցառումների, ամենուրեք  բարձր գնահատականի է  արժանացել:

Ստեփան Լևոնիչը 12 տարի ղեկավարել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի / ՖԻԼԱ /  մարզչական բարձրագույն դպրոցի դասընթացները: Դա դժվարին աշխատանք էր, որը սակայն հաճույքով էր կատարում: Այդ տարիներին  երևանցի պաշտոնյայի երազանքների մշուշի միջից հառնում էին հայ մարզիկների հաղթանակները: Նա առաջատար վարպետներին մեծ ճանաչումից դեպի փառքը տանող ուղին մատնանշեց: Նրա իմացությունը խթանում էր հայրենական ըմբշամարտի ծաղկմանը : Այդ ընթացքում մեր մասնագետներից 16-ը ստացել է միջազգային մարզչի որակավորում, և այդ թիվը երրորդն է աշխարհում : Համեմատելու համար ասենք, որ այդ ընթացքում Հունաստանն ունեցել է երեք, Ուկրաինան ` մեկ, Ռուսաստանը ` հինգ / որից մեկը նախկին հայաստանցի Արծրուն Մանվելյանն է /  և այլն:

<< Սևան >>  գյուղական մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ աշխատած տարիներին երկրի տարբեր բնակավայրերում / Փարաքար, Գառնի, Արտաշատ, Սևան, Չարենցավան,  Երևան, Մարալիկ, Գորիս, Աբովյան . . . / բացել է 17 մարզադպրոց:

Ակամա մտաբերեցինք  հեռավոր 1985թ. հունվարի 29-ը․ այդ օրը Ծիծեռնակաբերդի ՄՀՀ –ում անցկացված ԽՍՀՄ –ԱՄՆ ազատ ըմբշամարտի ավանդական մրցաշարը: Երբ դահլիճում հայտարարվեց գլխավոր մրցավար Ստեփան Ղազարյանի անունը,  լեփլեցուն տրիբունաները փոթորկացին ծափերից, քանզի մարզասերը վաղուց գիտեր հանրածանոթ այդ գործչին, ով համարվում էր հայրենական ըմբշամարտի յուրօրինակ խորհրդանիշը արտասահմանում: Ինչպես միշտ կեցվածքով ձիգ էր, ճաշակով հագնված: Հանդարտ պահվածքին հակառակ շողշողում, ասես լույս էին ճառագում սև, խոշոր աչքերը, որոնք  հաղթանակի էին կոչում խորհրդային ըմբիշներին, առաջին հերթին` մրցագորգի իրական տերեր հանդիսացող հայորդիներին, ովքեր հուսախաբ չարեցին:

Ստեփան Ղազարյանի ներկայությամբ հայ  մարզիկների գործողություններն ավելի վստահ  ու համարձակ են եղել և մրցավարներից ոչ մեկը ըմբիշներին միավորից չի զրկել: Մեր հայրենակցի  շնորհիվ  բազմաթիվ հայ մասնագետներ դեռևս ԽՍՀՄ տարիներից  աշխատանքի են գործուղվել արտասահմանյան երկրներ: Նրա միջնորդությամբ Երևանում անցկացվել են ըմբշամարտի բազում միջոցառումներ: Նշենք Իվան Պոդդուբնու անվան հեղինակավոր մրցաշարը, աշխարհի գավաթի խաղարկությունը, մարզչական –մասնագիտական խորհրդակցությունները, ՖԻԼԱ –ի մրցավարական նստաշրջանը, ՖԻԼԱ –ի նախագահ Միլան Էրցեգանի այցելությունը Հայաստան և այլն:

Ս.Ղազարյանին Խորհրդային Միությունը գործուղել է Կամբոջա, որտեղ լավ աշխատանքի համար արժանացրել է երկրի բարձրագույն պարգևի ` Թագավորական շքանշանի:

Երևանցին գործուղվել է 10 օլիմպիական խաղերի: Մրցավար էր և մեծ հարգանք էր վայելում: Դրանց վկայությունն է այն ,որ մրցումներում նրան տեսնելիս ոտքի է կանգնել ոչ թե մեկ, այլ նույնիսկ ամբողջ մրցավարական խումբը: Ավելին, համաշխարհային ըմբշամարտում բարձր են գնահատել ընդամենը երեք մրցավար- մասնագետի` երևանցի Ստեփան Ղազարյանի, հունգարացի Իվան Կրուի և սերբ Բրոնիսլավ Սիմիչի ղեկավարած մարզչական-մասնագիտական  սեմինար խորհրդակցություններն ու դասախոսությունները:

Ս.Ղազարյանը ծնվել է Երևանում,  1935թ. հունիսի 29-ին և ընդամենը հինգ օր հետո կդառնար 85 տարեկան:

1963թ. նշանակվել է ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ: 1970-1991թթ. եղել է << Սևան >> գյուղական մարզական ընկերության հանրապետական խորհրդի, ապա << Հայաստան >> մարզական միության նախագահ: 1965-ից անընդմեջ եղել է  ԽՍՀՄ , աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցավար, մրցագորգի ղեկավար, գլխավոր մրցավար: 1987թ. ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԼԱ / անդամ է, հրահանգիչ-համակարգող, միջազգային բազմաթիվ սեմինարների ղեկավար: ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Դաղստանի հանրապետության պատվավոր քաղաքացի: Պարգևատրվել է ԽՍՀՄ պատվո նշան շքանշանով, << Մովսես Խորենացի >> մեդալով, ՖԻԼԱ –ի շքանշաններով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն խոր վշտով ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրան ճանաչողներին։

Ստեփան Ղազարյանի անունը անջնջելի կմնա հայրենական սպորտի պատմագրքում, քանզի անջնջելի են նրա կատարած գործերը Հայաստանի մարզական կյանքում։

 

 

 

 

Այլ նորություններ