Լոնդոնում տեղի ունեցան բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի հերթական փուլի հանդիպումները։ Հայաստանի մարզիկներից առավել գոհացրեց Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեր հավաքականի համար այդ հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։ Նման պատվի կարժանանար նաև Արթուր Բազեյանը /57 կգ / , եթե չպարտվեր Ուկրաինայի ներկայացուցչին։ Գլխիկոր ռինգին հրաժեշտ տվեցին նաև Գուրգեն Մադոյանը / 69 կգ/ և կանանց մրցաշարի մասնակից Անուշ Գրիգորյանը /51 կգ /։
Մեր թիմի անդամներից մրցումային օրվան հաղթական վերջակետ դրեց Արման Դարչինյանը / 75 կգ /։ Ավաղ, մերոնց համար դա վերջին մրցելույթն էր լոնդոնյան ստուգատեսում, քանզի մարտի 16 – ը փաստորեն հանդիսացավ մրցաշարի վերջին օրը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվեցին։ Պատճառն արդեն հայտնի կորոնավիրուսն է։