Դպրոցահասակ հրաձգուհի է երևանցի Ալլա Պողոսյանը: << Կորոնավիրուսը >> կարծես նրա կողքով է անցնում, որովհետև անխռով շարունակում է մարզումները: Ընդամենը չորս տարի է պարապում մարզաձևով: Հրաձիգ հայրը` Վարդան Պողոսյանն է դստերը ուղեկցել ԿԳՄՍ նախարարության համակարգում գործող մարզաձևի մասնագիտացված մարզադպրոց և վստահել վաստակավոր մարզիչ Անդրանիկ Այվազյանին: Այն ժամանակ աղջնակն ընդամենը 12 տարեկան էր: Ուշադիր լսում էր ուսուցչի խորհուրդները, ապա ատրճանակի փողն ուղղում էր թիրախին, սառնասրտորեն ետ քաշում ձգանը ու բարձր թվեր էր խոցում: Մարզիչն ու սանուհին ներքուստ ուրախանում էին: Ալլան ուրախությունը կիսում էր մայրիկի հետ ու երազկոտ ասում, որ պիտի չեմպիոնուհի դառնա:
Աղջիկը հասակ էր առնում, մասնակցում էր մրցումների: Արդյունքում աստիճանաբար ավելանում էին նրա վաստակած միավորները:
Վերջին շրջանում նա մրցանակներ է նվաճել Ուկրաինայի Վիննիցա, Չեխիայի Պլզեն, Լեհաստանի Վրոցլավ քաղաքներում անցկացված պաշտոնական մրցումներում: Մարզուհու դիպուկությունը գնահատեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և նրան ընդգրկեց լավագույնների թիմում:
Հրաձգուհին սիրում է օդամղիչ զենքաձևը, որովհետև այդ մրցաձևում ստուգատեսներն անցկացվում են փակ մարզասրահներում: Նման պարագայում ձախողվող ցանկացած նշանառու չի կարող արդարանալ, պատճառներ փնտրել անհաջողության համար,որովհետև եղանակային քմահաճույքներից զերծ են փակ մրցասպարեզները:
Մարզումներում և մրցումներում Ալլայի արձակած բոլոր 60 կրակոցները գրեթե միշտ խոցում են թիրախի կենտրոնը` 10 թիվը: Նախկինում դա կհամարվեր չեմպիոնական նվաճում: Հիմա մրցակարգը փոխվել է և հաշվի են առնվում նույնիսկ տասնորդականները: Ասածն ընկալելու համար ասենք, որ թիրախի կենտրոնը <<խայթելու >> դեպքում ամենաբարձրը համարվում է 10, 9 նիշը, իսկ ամենացածրը` 10, 0 նիշը: Ահա թե ինչու հրաձիգները ձգտում են ոչ միայն իրենց վարպետությունը հղկելուն, այլ կատարյալի հասցնելուն: Այդ նպատակն է հետապնդում նաև Ալլա Պողոսյանը, ով ցանկանում է ուղեգիր նվաճել ու մեր երկիրը ներկայացնել առաջիկա օլիմպիական խաղերում: Սպառիչ պատասխանը կտա Չեխիայի Պլզեն քաղաքում մայիսի 18 –ին սկսվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարը: