ՕՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ

10:22 - 13 Փետ, 2020

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ընտրանու անդամ, 24 –ամյա  Կարեն Ասլանյանը / 67 կգ /   դարձավ Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր:Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարենը դժվարին պայքարում  գերազանցեց հունգար Կրիսզիան Վանցզային` 7:5: Մինչ այդ  նա Հռոմի ստուգատեսում   հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնին / 3:1/, վրացի Գեորգի Շոթաձեին / 9:0/, սերբ Մատե Նեմեշին / 10 : 1/ և երրորդ տարին անընդմեջ արժանացավ բրոնզե պարգևի: << Բայց նա ավելիին էր արժանի, - հեռախոսազրույցում այսպես սկսեց իր խոսքը  ըմբիշի անձնական մարզիչ, հավաքականի երկրորդ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Գևորգյանը: - Կիսաեզրափակիչի մրցավեճում առջևում էր Կարենը: Մտքովս չէր անցնում, որ մրցավարներն իրենց սև գործը կանեն /որի հետևանքով հեռացվեցին /, հաղթող կդարձնեն ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին,ով եզրափակիչում պարտվեց նորվեգ Մորտեն Թորեսին: Իսկ ահա անցած ամռանը, Մինսկում, Եվրոպական երկրորդ խաղերում  Կարենը  8 : 0 հաշվով էր հաղթել  հենց Թորեսին,ով այստեղ`  Իտալիայում   չեմպիոն դարձավ >>:

Հասկանալ կարելի է անձնական մարզչին: Նա չափազանց հոգատար է վաղ հասակում հորից զրկված Կարենի նկատմամբ: Հիշեցինք, անձրևոտ մի օր էր, երբ    <<Սպարտակի >> մարզադաշտում անհատական մարզում էր անցկացնում պատանի սանի հետ:Ասաց ,որ բնածին օժտված տղային պետք է նպաստել մարզական բարձունքների հասցնելու, ուրախացնելու համար:

Ուզում ենք հավատալ ,որ Կարենի խոսուն հաղթանակներն առջևում են:

 

 

 

Այլ նորություններ