Լոզանում, միջազգային օլիմպիական կոմիտեի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՕԿ / գործկոմի առաջին նիստը:
ԵՕԿ-ի նախագահ Յանեզ Կոցիյանչիչը բարձր է գնահատել հին աշխարհամասի բոլոր 50 ազգային օլիմպիական կոմիտեների աշխատանքը: Գոհացրել է նաև կազմակերպության հովանու ներքո 2019 թ. անցկացված մրցումների կազմակերպիչների գործունեությունը:
Միջոցառմանը ներկա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ԵՕԿ - ի գործադիր կոմիտեի անդամների հետ քննարկել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում օլիմպիական շարժման համար մեծ նշանակություն ունեցող հարցեր: Կարևորել է նաև սպորտի եվրոպական մոդելի պահպանելը, Տոկիոյի խաղերին նախապատրաստվելը և այլ հարցեր:
- Օլիմպիական խաղերը չպետք է դառնան հարթակ` քաղաքական և այլ գաղափարների համար, որոնք կապ չունեն սպորտի հետ , - ասել է Թոմաս Բախը: - Կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանվեն: Դրանց նկատմամբ արհամարհանքը հակասում է օլիմպիական արժեքներին:
Ի դեպ, ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերում եվրոպացի մարզիկները նվաճել են խաղարկված մեդալների 70 տոկոսը։ Սա մեկ անգամ ևս ընդգծում է մայրցամաքի մարզիկների գերակայությունը ձմեռային օլիմպիական մրցաձևերում։