Բարդ խնդրի առջև է կանգնած Հայաստանի աթլետիկայի հավաքականի մարզչական կազմը: Հունիսի 21 –ին Լեհաստանի Կրակովում մեկնարկելիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերի ծրագրում յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի նվազագույնը 20 մարզիկից կազմված հավաքական: Նշանակում է աթլետները թիմային – անհատական պայքարի պետք է մասնակցեն: Նման պարագայում դժվար է բազում մրցաձևերից յուրաքանչյուրում 1 – 2 առաջատար մարզիկ ընտրել հավաքականում ընդգրկելու համար:
Մեր թիմի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը հաստատ գիտե, որ մարզիկ – մարզուհիներ կարող է ներկայացնել կարճ և միջին տարածության վազքերում, հեռացատկում, եռացատկում և նետումներում:
Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի: Աթլետիկայի եվրոպական ֆեդերացիայի պահանջը նպատակային է. պետք է նպաստել մայրցամաքում հետ մնացող մրցաձևերի առաջընթացին:
Խաղերի ծրագրում աթլետների թիմերը բաժանված են երեք խմբի: Հայաստանն ընդգրկված է երրորդում, որտեղ են նաև Իռլանդիայի, Բոսնիա – Հերցեգովինայի, Վրաստանի, Մալթայի, Չեռնոգորիայի, Հայաստանի, Անդորայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սան Մարինոյի, Եվրոպական փոքր երկրների, Կոսովոյի, Ավստրիայի, Ալբանիայի, Իսրայելի և Ադրբեջանի հավաքականները:
Այժմ մեր մարզիկները պարապում են տեղերում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ: Հունիսի սկզբներին, մինչ խաղերի մեկնարկը, նախատեսվում է արտերկրում կազմակերպել ուսումնամարզական հավաք: Մինչ այդ, հնարավոր է մեր առաջատար մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին:
Ասենք, որ խաղերին մասնակցելու ուղեգիր արդեն նվաճել են երևանցիներ, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, կարատեիստ Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյանը և Գոռ Սարգսյանը:
Ենթադրում ենք, որ նշած մասնակիցների քանակը աստիճանաբար կավելանա: