Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։
2 դասական պարտիաներից առաջինում հաղթել է նորվեգացի գրոսմայստերը, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արագ շախմատի երկու պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ: Այնուհետև անցկացվել են կայծակնային խաղի (բլից) 4 պարտիաներ, որոնցում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն և գրանցել 2 ոչ-ոքի:
Grand Chess Tour-ի հաղթող է դարձել չինացի Դին Լիժենը, որը եզրափակիչ մրցամարտում առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։
Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում չորրորդ տեղը զբաղեցնելու համար Լևոն Արոնյանը կստանա 161.250 դոլար: