Գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն դարձած Գոռ Մինասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում։
«Շատ լավ զգացողություններ ունեմ, արդեն 2-րդ տարին անընդմեջ նույն արդյունք եմ գրանցում։ Վրաստանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ունեի, բայց արդեն լիովին վերականգնվել եմ և անցել նորմալ մարզումային գործընթացի»,- ասաց գյումրեցի ծանրորդը:
Խոսելով Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին՝ Գոռ Մինասյանն ասաց. «Այդ մրցակցությունը հոգեբանորեն կճնշեր, եթե փորձի պակաս լիներ, բայց դրա պակասը չկա, քանի որ 10 տարի է մեծ հարթակում եմ: Սպորտը պայքար է, եթե դրան պատրաստ չես, ավելի լավ է չմասնակցես։ Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական ոսկին նվաճելու համար, պետք է հանուն նպատակիդ գնաս առաջ և ամբողջ ուժերդ ներդնես այդ հաղթանակի համար»,- խոսքը եզրափակեց օլիմպիական փոխչեմպիոնը։
Հիշեցնենք, որ Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանը նվաճել էր 2 մեդալ: Գոռ Մինասյանը դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանն արժանացավ բրոնզե մեդալի: