Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը սեպտեմբերի 14-22-ը հյուրընկալելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Նախաօլիմպիական ԱԱ-ն անցկացվելու է «Բարիս արենա» մարզադահլիճում, որը տեղավորում է 11626 հանդիսական։ «Բարիս արենան» հոկեյի համանուն թիմի տնային մարզադալիճն է, կառուցվել է 2015 թվականին։
Այս առաջնությունը հյուրընկալելու համար, թվում է, ղազախներն արել են ամեն հնարավոր բան, որպեսզի մայրաքաղաքի սպորտային հյուրերին հաճելի, գեղեցիկ և անմոռանալի օրեր պարգևեն, բայց․․․ կան մի քանի բայցեր։
Օդանավակայան․ Վայրէջք կատարելուց, անձնագրային ստուգումն անցնելուց և ուղեբեռը ստանալուց հետո մեզ մոտեցան մի քանի կամավորներ, ճշտեցին, որ լրագրող ենք, բացատրեցին, որ հավատարմագրերը ստանալու ենք «Բարիս արենայում», ցույց տվեցին տարադրամի փոխանակման կետը և բարի ճանապարհ մաղթեցին։ Սակայն ի տարբերություն 2018-ին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության, այստեղ չկային համապատասխան մեքենաներ, որոնք ԱԱ-ի մասնակիցներին կառաջարկեին տեղափոխել հատուկ գծված երթուղով, չկային համապատասխան ցուցանակներ, միայն մեկ փոքրիկ պաստառ՝ օդանավակայանի սպասասրահում։
Մրցումային դահլիճ․ Ասել, որ «Բարիս արենան» գեղեցիկ կամ պատշաճ կառույց չէ այսպիսի միջոցառման համար, կնշանակի ստել, սակայն գեղեցիկ և բազմաֆունկցիոնալ կառույց ունենալը դեռ բավարար չէ այս մասշտաբի միջոցառում անցկացնելու համար։ Լրագրողների հավատարմագրերը ստանալու համար գնում ենք հատուկ նախատեսված սենյակ, որտեղ մեր հավտարմագրերի համար պատասխանտու անձը բավական երկար փնտրտուքից հետո գտնում է դրանք, որից հետո սկսվում է իսկական խառնաշփոթը։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է լրագրողների համար նախատեսված մուտքը, մեդիա տրիբունան և աշխատանքային գոտին։ Բոլոր հարցերին ի պատասխան կամավորները և աշխատակիցները տանում են մեզ խառը գոտի, որտեղ տեղի են ունենում ըմբիշների հետ հարցազրույցները՝ գոտեմարտերից հետո։ Մոտ ժամ ու կես անհույս որոնումներից հետո վերդառնում ենք հավատարմագրման սենյակ և․․․ հրաշք , աշխատակցուհիներից մեկը մեզ ճիշտ է ուղղորդում, բայց մեր ուրախությունը կարճ է տևում։ Բարձրանում ենք վերև և տեսնում, որ մեդիա տրիբունան վերջին հարկում է՝ մարզադահլիճի ամենավերևի հատվածում և բավական բարդ է լինելու այնտեղից խառը գոտի հասնելը։ և ըմբշամարտը դիտելը՝ առհասարակ։
Դեռ ոչ մի բան պատրաստ չէ ամբողջությամբ։ Ամեն ինչի հետ որոշակի խնդիր կա։ Բայց մեզ ասում են, որ վաղը ԱԱ-ի բացման ժամանակ ամեն ինչ լավ կլինի և սարքին։ Հուսանք։ Իսկ մինչ այդ «Բարիս արենայում» մեր վազվոցների ընթացքում հասցնում ենք տեսնել փոքրիկ ղազախ երեխաների, ովքեր մասնակցելու են վաղվա բացման արարողությանը։ Նաև հասցնում ենք ներկա գտնվել բացման արարողության փորձի մեկ հատվածի։
Վաղը պատսխանտու օր է թե՛ մեր, թե՛ ղազախների համար՝ նրանք պետք է պատշաճ մեկնարկեն ԱԱ-ն, մենք կատարենք մեր աշխատանքը, իսկ չորս հայ հունահռոմեական ոճի ըմբիշները փորձեն մեդալներ նվաճել։
Հասմիկ Գրիգորյան՝ Նուր-Սուլթանից