Բռնցքամարտի բոլոր մարզիչները պարտավոր են որակավորում ստանալ. Արթուր Գևորգյան

14:35 - 10 Դեկ, 2015

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց անցնող տարին և խոսեց առաջիկայում սպասվելիք փոփոխությունների մասին:

«Այո, մենք տարին փակում ենք առանց Օլիմպիական վարկանիշի, բայց պետք չէ դրանից մեծ վրդովմունք ապրել: Ունեցել ենք ընդամենը մեկ հնարավորություն աշխարհի առաջնության ժամանակ և բոլորդ էլ տեսաք, որ Հովհաննես Բաչկովը շատ մոտ էր ուղեգիրը նվաճելուն: Նա հիանալի մենամարտեր անցկացրեց և պարտվեց աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկին: Բռնցքամարտի երկիր հանդիսացող Անգլիան չունի ուղեգիր, Ուկրաինան ևս: Մենք դեռ պահպանում ենք ուղեգիր նվաճելու մեր շանսերը: Վարկանիշային երկու մրցաշար ունենք՝ Ստամբուլում և Բաքվում: Մենք պատրաստ ենք մեկնելու և պայքարելու ուղեգրերի համար: Բռնցքամարտի ֆեդերացիան նոր կարգ է ընդունել մազրիչների համար: Այսուհետ Հայաստանում գործող բոլոր մարզիչները պարտավոր են քննություն հանձնել և հավաստագիր ստանալ: Քննությունից առաջ ֆեդերացիան կկազմակերպի սեմինարներ, որից հետո կանցկացվի քննությունը՝ թեստային համակարգով: Չլիցենզավորված մարզիչի սանը չի մասնակցելու Հայաստանի առաջնությանը: Նախապես որոշված էր, որ դեկտեմբերին Հայաստանում կկայանա բռնցքամարտի ընտրական մրցաշար, սակայն մարզական խորհուրդը որոշեց, որ այժմ այդպիսի մրցաշար անցկացնելը նպատակահարմար չէ»,- ասաց Գևորգյանը:


ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ