Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից ակնկալիքների մասին:
«Ստեփան Սարգսյանի մրցաշարից հետո հավաքի ենք մեկնել Սոչի: Հիմա էլ այստեղ ենք հավաք անցկացնում, որպեսզի լավագույն մարզավիճակում մեկնենք աշխարհի առաջնությանը: Կփորձենք արդարացնել մարզիչների ակնկալիքները: Ես չեմ մտածում, որ 57 կգ քաշային կարգում բարդ է լինելու, յուրաքանչյուր քաշ էլ իր դժվարություններն ունի: Եթե կարողանում ես մեկ քաշ բարձր չեմպիոն դառնալ (Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը չեմպիոն է դարձել 61 կգ քաշային կարգում), ապա այդ ամենը պետք է չհետաքրքրի: Երբ դուրս ես գալիս գորգ գոտեմարտելու, քեզ ոչինչ չի հետաքրքրում՝ անգամ մրցակիցներիդ տիտղոսները: Նրանք այդ տիտղոսները նվաճել են նախկինում տեղի ունեցած մրցաշարերի ժամանակ, իսկ այստեղ նորն է, ու նոր չեմպիոններ են որոշվում»,- ասաց նա:
Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությանը մեկնում է մեկ նպատակով. «Աշխարհի առաջնությանը մեկնում եմ լավ մասնակցելու համար, չեմ մտածում չեմպիոն դառնալու մասին: Մեկնում եմ գորգում ցույց տալու այն, ինչ սովորեցրել են մարզիչները»,- խոսքը եզրափակեց ըմբիշը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ):