Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց՝ 20 տարի թիմը գլխավորելուց հետո:
Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վաստակավոր մարզիչը խոսեց հրաժարականի պատճառների մասին:
«Հասունացել է պահը։ Ոչինչ պատահական չի լինում: Ես հրաժարական եմ տալիս մի քանի պատճառով։ Նախապես նշեմ, որ հավաքականը գլխավորել եմ մեծ սիրով, նվիրումով: Բոլորը ծանոթ են մեր հաջողություններին ու մեդալների քանակին: Աշխատանքային տարիների ընթացքում խնդիր չեմ ունեցել ոչ ՀԱՕԿ-ի, ոչ սպորտի նախարարության, ոչ էլ ֆեդերացիայի ղեկավարության հետ: Այս երեք կառույցների ղեկավարներին էլ հաճելի չէր իմ հրաժարականի լուրը։ Ոչ մեկ կողմ չէր, բայց իմ որոշումը անբեկանելի է։ Անձամբ խոսել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ներկայացրել եմ իրավիճակը՝ մանրամասն։ Զրույցից հետո նա ևս ընդունեց իմ որոշումը։ Պատճառը վերջին ամիսների ընթացքում թիմում սկսված խմորումներն ու տարաձայանությունները են, որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուզումնամարզական հավաքների ծրագիրը կազմվի իրենց ցանկությամբ: Եթե մարզիկները բաժանվում են երկու ճամբարի, հավաքականը կորցնում է իր ուժը և համախմբվածությունը։ Իմ բնավորության տեր անձնավորությունը չի կարող նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը»,- նշեց Լևոն Ջուլֆալակյանը։
Հարցին՝ արդյոք մարզիչը նեղացած է հեռանում հավաքականից, Ջուլֆալակյանն ասաց․
«Ես հավաքականից նեղացած չեմ հեռանում։ Նեղացած եմ որոշ մարդկանցից՝ իրենց պահվածքի համար։ Բայց Աստված վերևում է և ամեն ինչ տեսնում է։ Բոլորը կստանան իրենց արժանին։ Ես բավարարված եմ հեռանում։ Նվիրվել եմ իմ աշխատանքին ամբողջովին և չեմ ափսոսում։ Չի բացառվում, որ մի օր նորից կվերադառնամ»,-խոսքը եզրափակեց Ջուլֆալակյանը։