1916թ-ի Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին Բեռլինում, այնինչ 1920թ-ի խաղերի անցկացման հայտ էին ներկայացրել 2 քաղաք` Անտվերպենը և Բուդապեշտը: Սակայն 1914թ-ին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը ստիպեց ՄՕԿ-ին հետաձգել իր գործունեությունը և տեղափոխել իր գրասենյակը չեզոք տեղ` Լոզան:
1916թ-ին Բեռլինն այդպես էլ չհյուընկալեց Օլիմպիական խաղերը: 1919թ-ի ապրիլի 5-ին Օլիմպիական խաղերն ընդունող քաղաք ընտրվեց Անտվերպենը` որպես հարգանքի տուրք այն բարձր գնի, որը վճարեց Բելգիան պատերազմի ընթացքում: Անգամ խաղերի պաստառի վրա պատկերված էին մի շարք միահյուսված դրոշներ` խորհրդանշելով տարբեր ազգությունների համախմբումը 1914-18թթ-ի դրամատիկ ժամանակահատվածից հետո:
8-րդ Օլիմպիական խաղերը չսկսվեցին Բացման արարողությամբ, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 14-ին, այլ ձմեռային մարզաձևերի մրցաշարերով 1920թ-ի ապրիլին, երբ դեռ ցուրտ էր:
Անտվերպենի մարզադաշտը, որը ուներ 35.000 նստարան, կառուցվել էր հատուկ Օլիմպիական խաղերի համար և այնտեղ էլ օգոստոսի 14-ին անցկացվեց խաղերի Բացման արարողությունը:
Այն յուրահատուկ էր առնվազն 2 պատճառով` Օլիմպիական դրոշն առաջին անգամ էր բարձրացվում և Օլիմպիական երդումն առաջին անգամ էր հնչելու մարզիկների շուրթերից:
Հինգ միահյուսված կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր օղակները սպիտակ դրոշի վրա խորհրդանշում էին օլիմպիական շարժումը հինգ մայրցամաքներում: Այդ չափազանց սիմվոլիկ դրոշը նախագծվել էր Պիեր դե Կուբերտինի կողմից 1913թ-ին, բայց առաջին անգամ բարձրացվում էր բելգիական այդ քաղաքում:
Օլիմպիական խաղերի բացումն ազդադարարեց Ալբերտ I թագավորը, իսկ Բելգիայի դրոշակակիր Վիկտոր Բոինը դարձավ առաջին մարզիկը, ով արտասանեց օլիմպիական երդումը:
Խաղերի փակումից հետո դրոշը փոխանցվեց Փարիզից եկած ներկայացուցիչներին, որտեղ պետք է կայանային հաջորդ Օլիմպիկան խաղերը, իսկ օլիմպիկական դրոշի օղակները տարիների ընթացքում պետք է դառնային աշխարհում ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: