Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերում մեր ներկայացուցիչների ելույթները.
«Ալլա Պողոսյանի ցույց տված արդյունքից գոհ եմ, իսկ Հրաչիկ Բաբայանի արդյունքից՝ դժգոհ: Ալլան թիմային պայքարում առաջ էր քաշում, Հրաչիկը հետ էր մղում: Ալլան ընդամենը 16 տարեկան է և մեծահասակների հետ էր պայքարում, ուստի նրա արդյունքից գոհ եմ»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Հավաքականի մարզիչը նաև գնահատեց Եվրոպական խաղերի կազմակերպվածությունը.
«Ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված՝ սնունդը, տրանսպորտը, բայց հրաձգարանն էր վատը՝ չնայած համապատասխանում էր միջազգային ստանդարտներին, սակայն առաստաղը շատ ցածր էր և տոթ էր: Ես չեմ ասում, թե դրա պատճառով ենք վատ մասնակցել. ոչ, ուղղակի պայմանները այդպիսին էին»,- եզրափակեց խոսքը Սեյրան Նիկողոսյանը: