Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ոսկե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովը (64 կգ) պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին:
«Հպարտություն է լինել Եվրոպական խաղերի չեմպիոն: Այս հաղթանակս տարիների իմ անցած ճանապարհն է: Սա ևս մեկ ուղի է դեպի նորանոր հաջողություններ: Ունեմ նպատակներ, որոնց հասնելու համար պետք էր այս հաղթանակը: Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է, որպեսզի բրոնզե մեդալս դարձնեմ ոսկե»,- ասաց Հովհաննես Բաչկովը:
Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը 3:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիային:
Հունիսի 30-ին Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):