Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կպայքարի Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։
Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ։
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է վրացի Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլին։
Հունիսի 29-ին գորգ էր դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), ով մեկնարկային գոտեմարտում 1։5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին։
Բելենյուկը Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ կիսաեզրափակիչում 3։1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։
Հունիսի 30-ին կայանալիք սփոփիչ գոտեմարտում Մանուկյանի մրցակիցը լինելու է լեհ Արկադիուշ Կուլինիչը։