Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով է վերադարձել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունից:
Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց առաջնությունը։
«Ըմբիշների ելույթներից գոհ եմ։ Իհարկե, եղան վրիպումներ, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ, թեեւ կարող էինք անել ավելին։ Աշխարհի պատանեկան առաջնությունից առաջ հավաքականի կազմում կլինեն փոփոխություններ, բայց Եվրոպայի առաջնության մեդալակիրները, միանշանակ, կմասնակցեն: 92 կգ քաշային Լյովա Գևորգյանն արդարացրեց բոլորիս սպասելիքները։ Նրա այս մեդալը սպասված էր: Գևորգյանը երրորդ անգամ գոտեմարտեց եզրափակիչում: Անցյալ տարի նա կարող էր հաղթել և նվաճել նաև պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր, բայց միայն այս տարի կարողացավ եզրափակչում կամային հաղթանակ տանել ռուս ըմբիշի նկատմամբ»,- նշեց մարզիչը:
Արշակ Հայրապետյանի ձայնը սովորականի պես կտրված էր հավաքականի կարևոր մրցումից հետո. «Այս անգամ ձայնս մի քիչ շուտ կտրվեց, այդպես լինում է նյարդային վիճակից»,- ժպիտով նշեց մարզիչը։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով եւ նվաճել նաեւ 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ:
Հարություն Հովհաննիսյանը (48 կգ) եւ Գենիկ Ասատրյանը (60 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Մենուա Յարիբեկյանը (71 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: