Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Հայկ Մելիքյանը (67 կգ) եւ Մալխաս Ամոյանը (72 կգ) հունիսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար:
Հայկ Մելիքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) եւ ռուս (10:1) ըմբիշների, նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Ոսկե մեդալը հայ ըմբիշը կվիճարկի վրացի Գեորգի Շոթաձեի հետ:
Մալխաս Ամոյանը մեկնարկել է որակավորման փուլից եւ տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ է գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) եւ ռուս մրցակիցներից (5:4) եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի մոլդովացի Միհայ Պետիչի հետ:
Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ հաղթել իսպանացի (11:0) ու հունգարացի (8:0) ըմբիշների, իսկ կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչին: Հունիսի 5-ին Հովհաննիսյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Կարեն Խաչատրյանը (82 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել 1/8 եզրափակիչում: Խաչատրյանին հաղթած հունգարացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն է ստացել հունիսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են Հրաչյա Պողոսյանը (63 կգ) եւ Գեւորգ Սուքիասյանը (55 կգ):