Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պատաստվում է հունիսմեկյան ավանդական միջոցառմանը, որն այս տարի փոխել է իր ձեւաչափը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմեց հունիսի 1-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սպասվող միջոցառման մասին:
«Այս տարի միջոցառման ձեւաչափը էական փոփոխությունների ենք ենթարկել: Երեխաների պաշտպանության օրը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ամենասիրելի տոներից է, որը նա սիրում է նշել մեծ շուքով: Այս տարի միջոցառումն ավելի լայն շրջանակ է ընդգրկելու, կմասնակցեն մանկատների սաներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ եւ սիրիահայ երեխաներ: Միջոցառմանը ներկա կլինեն անվանի մարզիկներ, ինչպես նաեւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն: Ծրագրում նախատեսված է երեխաների պաշտպանության օրվա մասին մանկական բալետ, որի հեղինակային իրավունքները պատկանում են ՀԱՕԿ-ին, կլինեն բեմականացված սպորտային համարներ, հայտնի երգչուհի երեխաներ եւ այլ անակնկալներ: Կլինի հայկական ավանդական կոխ ըմբշամարտի ցուցադրական ելույթ: Նշեմ մեկ հետաքրքիր փաստ. ամբողջ միջոցառումը տեղի է ունենալու մինչեւ 15 տարեկան երեխաների մասնակցությամբ, անգամ միջոցառումն են նրանք վարելու: Անակնկալ նվերներ է պատրաստել նաեւ Չինաստանի դեսպանությունը, որի հետ ՀԱՕԿ-ը միշտ ունեցել սերտ համագործակցություն եւ իրականացրել բազմաթիվ համատեղ ծրագրեր: Ակնկալում ենք լեփ-լեցուն դահլիճ եւ գեղեցիկ միջոցառում»,- նշեց Մանե Մուրադյանը: