2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը հնարավարություն ունի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել, ինչի հետևանքով մարզիկը որակազրկվել է:
Սերբիայում կայացած վարկանիշային մրցաշարում Սաֆարյանը ուղեգիր նվաճելուն շատ մոտ էր, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը կիսաեզրափակիչ փուլում պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևին և զրկվեց ուղեգրից: Մրցաշարի մյուս կիսաեզրափակչում հանդիպել էին վրացի Զուրաբի Յակուբուշվիլին և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկին, վերջինս հաղթել էր վրացի ըմբիշինին և մտել եզրափակիչ` ապահովելով Ռիո-2016-ի ուղեգիր: Քանի որ հաջորդ վարկանիշային մրցաշարում վրացի ըմբիշին հաջողվել էր ուղեգիր ձեռք բերել, Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում կքննարկի որակազրկված մարզիկի ուղեգիրը Դավիթ Սաֆարյանին տրամադրելու հարցը:
Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերն ավարտվել են:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
ՀԱՕԿ լրատվության բաժին