Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։
«Չէի ցանկանա անդրադառնալ այս շոուին, բայց ստիպված եմ: Մարզաշխարհում Լեւոն Ջուլֆալակյան անունն ասոցացվում է կարգապահության եւ սկզբունքայնության հետ եւ չեմ կարծում, որ նա 20 տարի շարունակ կգլխավորեր հավաքականը, եթե ի վիճակի լինեին կազմ պարտադրել նրան:
Ցանկանում եմ շեշտել, որ Միհրան Հարությունյանի հայտարարությունները հակասում են իրար, մեկ նա ասում է, թե խնդիր չունի Լեւոն Ջուլֆալակյանի հետ, մեկ ասում է՝ ունի:
Չեմ հասկանում այս շոուի իմաստը: Միհրանը վատ հարաբերություններ չի ունեցել հավաքականի մարզիկների հետ: Պարզապես Օլիմպիական խաղերից հետո նա այլեւս չի մարզվել հավաքականի հետ: Նաեւ տգեղ է, երբ քննարկվում է տղաների նվաճած մեդալները վերջին Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալը նվեր չէ երկնքից: Այդ մեդալի համար անցկացնում ես 4-5 գոտեմարտ, որոնք այնքան էլ հեշտ չեն լինում՝ հատկապես օլիմպիական քաշերում:
Վերջում հավելեմ, որ մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։