Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 8 երկրների 103 մարզիկներ:
Առաջնությանը ներկա էին ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը եւ աշխարհահռչակ մարզիչ Ռաֆայել Հարությունյանը:
Լրագրողների հետ զրույցում գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշեց, որ առաջնությունը լավ է անցել:
«Գոհ եմ առաջնությունից: Մրցավարական կազմը հրավիրել էինք արտասահմանից, որպեսզի ամեն ինչ խաղաղ անցնի»,- ասաց նա:
Մելանյա Ստեփանյանը նշեց, որ Անաստասիա Գալուստյանն առաջնությանը չէր մասնակցում հարգելի պատճառներով:
«Անաստասիան չկարողացավ մասնակցել, քանի որ դժբախտություն է եղել՝ պապիկն է մահացել»,- տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահը:
Մելանյա Ստեփանյանը կարծում է, որ հայ գեղասահորդների միջեւ մրցակցությունն ավելացել է.
«Հայաստանից մասնակցում էին 75-80 գեղասահորդներ: Երեխաների միջեւ արդեն նկատվում է մրցակցություն, որն առաջ չկար: Կարող ենք կազմել հավաքական թիմ, որպեսզի երեխաները մասնակցեն միջազգային մրցաշարերի»,- խոսքը եզրափակեց Մելանյա Ստեփանյանը: