Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ։ Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Արփինե Դալալյանը (+87 կգ)։
Մելիք Ղուկասյանը նշեց, որ երիտասարդական հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ։
«Առաջին ուսումնամարզական հավաքը 19 օրով կանցկացնենք «Օլիմպավանում», դրանից հետո 10-օրյա մարզումներ կունենանք Աբովյան քաղաքում, իսկ մայիսի 30-ին կմեկնենք Ֆիջի»,- ասաց Մելիք Ղուկասյանը։
Աշխարհի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա հունիսի 1-8-ը Ֆիջիում: