Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը 3։4 հաշվով զիջեց խորվաթ Դոմինիկ Էտլինգերին։
72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և տուշեով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն տվեց պայքարը շարունակել։ Սփոփիչ գոտեմարտում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հրանտ Կալաչյանը 8:4 հաշվով հաղթեց հունգարացի Ռոբերտ Ֆրիտչին՝ իրավունք ձեռք բերելով պայքարելու բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց՝ վճռորոշ գոտեմարտում հաղթանակի հասնելով սերբ Մատե Նեմեշի նկատմամբ։ Դա հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մեդալն էր Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Նախօրեին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը։