Ռուբեն Ալեքսանյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) բրոնզե մեդալակիր դառնալուց հետո կիսվեց տպավորություններով:
«Ճիշտն ասած, այնքան էլ գոհ չեմ այս արդյունքից, սակայն ունեցանք այն, ինչ ունեցանք: Ինձ թվում է՝ ինչ պետք է անեի, արեցի: Չեմ ցանկանում ավելորդ բաներ ասել: Աշխարհի առաջնությունից սպասում ենք ավելի շատ կիլոգրամներ ու ավելի բարձր մեդալ»,- նշեց Ռուբեն Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ երկամարտում Ռուբեն Ալեքսանյանը գրանցեց 440 կգ (195+245) արդյունք եւ գրավեց երրորդ տեղը: Պոկում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 422 կգ (200+222) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Գյումրեցի ծանրորդին խանգարեց ոտքի վնասվածքը:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց: