Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում:
«Հաղթողին չեն դատում, իսկ եթե ես գոհ լինեմ, այլեւս չեմ աշխատի նրա հետ: Ես ոչ մեկից էլ գոհ չեմ, նույնիսկ՝ ձեզանից:
Երբ ես գոհ լինեմ, այլեւս չեմ աշխատի: Ամեն բան շատ լավ էր՝ հատկապես, որ Սիմոնը վնասվածք ուներ: Բժիշկները քրտնաջան աշխատանքով կարողացան ոտքի կանգնեցնել նրան: Չնայած նրան օգնության ձեռք է մեկնել նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ մեզ օգնելով բժշկի ու այլ հարցերում: Այնպես որ՝ դեպի աշխարհի առաջնություն»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 427 (192+235) կգ արդյունք եւ 16 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված բելառուս Անդրեյ Արամնաուին: Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ էր նվաճել նաեւ պոկում ու հրում վարժություններում: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով եւ սահմանել աշխարհի ռեկորդ: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում:
Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:
Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):