Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ ծանրորդների հաջող ելույթներին Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Հակոբ Մկրտչյանը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
«Հաճելի է, որ տեսնում ես քո աշխատանքի արդյունքը: Հաճելի է, որ մարզիկին տեսնում ես հպարտության մեջ ու պատվո հարթակի առաջին աստիճանին: Դավիթ Հովհաննիսյանից շատ գոհ եմ: Տարիներ շարունակ նա չէր կարողանում մեդալ նվաճել միջազգային մրցասպարեզում, ինչը հաջողվեց այսօր: Հակոբ Մկրտչյանի չեմպիոնությունը սպասելի էր մեզ համար, սակայն մենք նրանից չեմպիոնություն էինք ակնկալում նաեւ աշխարհի առաջնությունում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը կարեւորեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը հայկական ծանրամարտին:
«Գագիկ Ծառուկյանը միշտ ծանրամարտի ֆեդերացիայի կողքին է:
Ես բազմիցս ասել եմ, որ եթե հանկարծ Գագիկ Ծառուկյանը ցանկություն հայտնի այլեւս չաշխատել Օլիմպիական կոմիտեում, 15 րոպե հետո ես նույնպես չեմ աշխատի: Այդ 15 րոպեն կծախսեմ Երեւանից Աբովյան հասնելու համար, որպեսզի գնամ, հանձնեմ թղթերը եւ մեկնեմ տուն:
Ամեն դեպքում, մենք որոշել ենք, որ պետք է լինենք եւ շարունակենք բարձր պահել հայկական ծանրամարտի պատիվը բոլոր մրցումներում: Շնորհակալ եմ այդ մարդուն, ընկերոջը եւ ղեկավարին, որ միշտ մեր կողքին է եւ ամեն պահի պատրաստ է աջակցել մեզ ցանկացած հարցով: Շնորհակալ եմ բոլորին՝ մեզ օգնողներին, չօգնողներին, ուրախացողներին ու չուրախացողներին»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք եւ սահմանել նաեւ Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):
Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքն էր 360 կգ (165+195): Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները: