Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգի կշռման արարողությունը եւ կմասնակցեն A խմբի մրցմանը:
2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել է 160 կգ, իսկ հրում վարժությունում՝ 200 կգ:
2017թ. Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունը կսկսի 155 կգ-ով, իսկ հրումը՝ 185:
89 կգ քաշային կարգի A խմբի մրցումը կկայանա ապրիլի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):