Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը նվաճեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի եզրափակիչի ուղեգիր:
Կանանց մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 64.15 միավորով գրավեց 5-րդ տեղը եւ հնարավորություն ստացավ մարտի 9-ին հանդես գալ ազատ ծրագրով: Որակավորման փուլը հաղթահարեցին 24 մարզուհիներ: Կարճ ծրագրին մասնակցեցին 35 գեղասահորդներ:
Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում:
Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Դահուկորդ Միքայել Միքայելյանն արդեն ավարտել է ելույթը, իսկ լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը մարտի 8-ին հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը: