Երևանում տեղի ունեցավ սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի հաշվետու նիստը, որի աշխատանքները ղեկավարեց նախագահ Արմեն Գրիգորյանը: 2018թ. կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը:
Տարվա գլխավոր միջոցառումը հանդիսացել է Երևանում անցկացված մինչև 23 տարեկան սուսերամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Կազմակերպական հարցերում մեծ աջակցություն ցույց տված կազմակերպություններին շնորհակալագրեր հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
Այնուհետև հաշվետվությամբ հանդես եկան խոցասուսեր և ճկասուսեր զենքաձևերի հավաքականների ավագ մարզիչները:
Նիստում ճկասուսեր մրցաձևի ավագ մարզիչ ընտրվեց միջազգային կարգի սպորտի վարպետ Գագիկ Հովհաննիսյանը:
Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով հրաժարական տված Արտաշես Մադոյանի փոխարեն ֆեդերացիայի գլխավոր քարտուղար նշանակվեց սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի զարգացման և մարկետինգի հանձնաժողովի անդամ Արթուր Սեդրակյանը:
Ներկայացվեց ֆեդերացիայի 2019թ. աշխատանքային ծրագիրը, որտեղ կարևորվում են Եվրոպայի, աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունները:
ՀԱՕԿ լրատվական բաժին