Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Առաջին հերթին պատվո պահակախմբի ուղեկցությամբ մարզադաշտ բերվեց ՀՀ պետական դրոշը: Մարզական շքերթը բացեցին հայկական երկրորդ պետության ներկայացուցիչները՝ ԼՂՀ պատվիրակությունը (3 քաղաք՝ Ստեփանակերտ, Շուշի և Բերձոր. ընդհանուր 138 մարզիկ): Այնուհետև միմյանց հաջորդեցին 165 երկրներից պատվիրակությունները, մեծ կազմով էր ներկայացել ԱՄՆ թիմը՝ 13 քաղաք, 256 մարզիկ: 881 մարզիկներով էր խաղդերին մասնակցում Թուրքիայի պատիրականությունը: Շքերթը եզրափակեց մայրաքաղաք Երևանի պատվիրակությունը, որը Համահայկական խաղերին ներկայացել է բոլոր մարզաձևերում՝ 500 մարզիկով:
Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ բերեցին հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, շախմատային օլիմպիադաների չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը և Ռաֆայել Վահանյանը: Համահայկական խաղերի մարզիկի երդումը կարդաց Սիրիայի Հալեպ քաղաքի ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյանը, իսկ մրցավարների անունից երդվեց Մարիա Մելքոնյանը՝ Երևանից: Համահայկական խաղերի երեք ջահերը, որոնք վառվել էին Շուշիում, Լիբանանում՝ Անթիլիասում և Վանում, միավորվել էին մեկում և խաղերի կրակը վառեց հայկական մարմնամարզության և համաշխարհային սպորտի լեգենդ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խաղերը հայտարարեց բացված:
Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը: