Առաջնությունը ընտրականի բնույթ կրեց

10:30 - 27 Դեկ, 2018

ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնի մարզադահլիճում / այն տասնամյակներ շարունակ կոչվել է  << Արաքս >> , ապա ` կարճ ժամանակով ` << Միկա  >>/ անցկացվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցագորգ ելան 82 մարզիկներ: Հետաքրքիր գոտեմարտեր շատ եղան: Դա բացատրվում է այն բանով, որ մասնակիցներն ընթացիկ մրցաշրջանում միշտ եղել են ուսումնամարզական հավաքներում, մասնակցել են  բազմաթիվ մրցումների և փաստորեն լավ մարզավիճակով ներկայացան  մասնագետներին ու  մարզասերներին: Միջոցառումը նաև ընտրական բնույթ կրեց:  Աչքի ընկածներով կկազմավորվի երկրի  հավաքական, որը  նոր տարվա սկզբին, ստույգ ` հունվարի 15 –ին կմեկնի Իրան ` մասնակցելու Թախտիի անունը հավերժացնող միջազգային մրցաշարին: Դրա ավարտից հետո թիմն ամենայն հավանականությամբ Իրանում, տեղի ըմբիշների ընկերակցությամբ կանցկացնի ուսումնամարզական հավաք: Նպատակը Բուխարեստում ապրիլի 8- 14 –ը կայանալիք  Եվրոպայի առաջնությունում հաջող մասնակցությունն է:

Անդրադառնալով Հայաստանի առաջնությանը, ասենք որ, անվանիներից բացի,  լավ տպավորություն թողեցին  նաև երիտասարդները, հատկապես Եվրոպայի երիտասարդական առաջնության 2018թ. չեմպիոններ, արտաշատցի Վազգեն Թևանյանը / 65 կգ /,  երևանցի  Արսեն Հարությունյանը / 61 կգ /,  պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, գյումրեցի Վաղինակ Մաթևոսյանը / 57 կգ /, երևանցի Սարգիս Հովսեփյանը / 92 կգ /, որոնք դարձան չեմպիոններ: Հաղթողի կոչմանն արժանացան նաև վանաձորցի Հովհաննես Մխիթարյանը / 82 կգ /, Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղի պատվիրակ Անդրանիկ Գալստյանը / 125 կգ /, երևանցիներ Դավիթ Սաֆարյանը / 70 կգ /, Վարուժան Կաջոյանը / 74 կգ /, Գրիգոր Գրիգորյանը / 79 կգ / և Արման Մկրտչյանը / 97 կգ /:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

Այլ նորություններ