Երևանում վաղը կավարտվի Եվրոպայի Արևելյան երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը: Բայց տանտերերի համար առաջնությունն ավարտվեց դեկտեմբերի 16 –ին ` չորրորդ անընդմեջ պարտությամբ:
Վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը զրույցը սկսեց Հայ –Սլավոնական համալսարանին ուղղած շնորհակալական խոսքերով: Միայն այդ բուհի մարզադահլիճը բավարարեց համապատասխան չափանիշներին և այն սիրով տրամադրվեց մասնակիցներին: Ինչ վերաբերում է մերոնց խաղամակարդակին, ասենք, որ թիմը ձևավորվել է երեք ամիս առաջ, համալրվել է հիմնականում Երևանի, Վանաձորի և Եղեգնաձորի պատվիրակներով: Այդ ընթացքում կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ և ստուգողական մրցումներ: Եվ սակայն այդ ամենը քիչ բանով օգնեցին մերոնց ելույթներին, որոնք, ինչպես ցույց տվեցին հանդիպումները, հաստատեցին տանտերերի մրցափորձի պակասը: Մեր երկրի անկախացումից հետո,սա մեզանում կայացած դասական վոլեյբոլի միջազգային առաջին մրցաշարն է: Այնուամենայնիվ մարզաձևից հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի և Լատվիայի ուժեղ հավաքականների հետ խաղերը նպաստեցին մեր տղաների վարպետության առաջընթացին:
Մրցաշարի օրերին մարզասերներով լեփլեցուն դահլիճը վկայեց, որ մեզանում սիրում են վոլեյբոլը: Մնում է, որ երկրի բոլոր մարզերում ստեղծվեն համապատասխան պայմաններ, թիմեր, կազմակերպվեն ներքին մրցումներ: Դա կլինի մարզաձևի մասսայականացման հիմնական քայլը:
Ավելորդ չէ նշել, որ մասնակիցները գոհ մնացին Օլիմպավանում ստեղծված սնվելու և գիշերելու պայմաններից:
ՀԱՕԿ լրատվական բաժին