Հայաստանում ձյուդո է պարապում շուրջ 2000 մարդ: Նրանք ընդգրկված են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Ճամբարակում, Մարալիկում, Հոկտեմբերյանում, Ստեփանակերտում և Մասիսում գործող մարզօջախներում և մարզախմբերում: Նրանցով են համալրվում տարբեր տարիքային խմբերի հավաքականները:
15 տղաներ են ընդգրկված երկրի գլխավոր թիմում: Առաջատարներն են Եվրոպայի այս տարվա չեմպիոն, վարդենիսցի Ֆերդինանդ Կարապետյանը և հինգերորդ մրցանակակիր, վանաձորցի Արսեն Ղազարյանը: Նրանք հանդես են գալիս 73 կգ քաշային կարգում: Հավաքականի գլխավոր մարզիչն է մոտ անցյալի նշանավոր վարպետ Արմեն Նազարյանը: Նա ասաց, որ թիմ ընդգրկված բոլոր մարզիկները օժտված, հուսալի տղաներ են և նպատակային մարզումների պարագայում կարող են լուրջ հաջողությունների հասնել: Մինչև տարեվերջ առաջատար վարպետները կմասնակցեն Դուբայում /հոկտեմբերի 26- 28/, Հոլանդիայում /նոյեմբերի 16-18 /և Չինաստանում/ դեկտեմբերի 16-19/ անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարերին: Դրանցում հաջողության հասնող մարզիկները ձեռք կբերեն 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ: Կարևոր է նաև նոյեմբերի 12ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունը: Աչքի ընկած մարզիկներով կհամալրվի հավաքականը,որը հունվարի 6-ից կմասնակցի Ավստրիայում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին:
Եկող մրցաշրջանում ձյուդոիստների համար կարևորվում է հատկապես Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերը,որտեղ նույնպես կխաղարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ:
ՀԱՕԿ լրատվական բաժին