Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող: Խոցասուսերակիրների պայքարում երրորդ տեղն է գրավել Ռազմիկ Վարդանյանը: Տղաների ճկասուսեր ձևում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Դալաքյանը, իսկ աղջիկների խոցասուսեր ձևում Էմմա Պողոսովան ևս գրավել է երրորդ տեղը:
«Մենք մեկ մեդալ բաց թողեցինք, քանի որ մեր առաջատար Արփինե Աթոյանը ճկասուսեր ձևում նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ և մեկ հաղթանակ տոնելուց հետո այլևս չկարողացավ մրցել: Անձամբ իմ սպասելիքները շատ ավելի բարձր էին: Ունենք հաղթող և մրցանանակիրներ, ամեն դեպքում կարողացանք լավ մասնակցել»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Հայաստանի երիտասարդական ընտրանին ներկայացել էր 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր):
ՀԱՕԿ լրատվության բաժին