Աշխարհում մեծ տարածում է ստանում լողափնյա վոլեյբոլը: Մարզաձևն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում և բավականին դիտարժան է: Հայաստանում նույնպես աշխատանքներ են տարվում լողափնյա վոլեյբոլը տարածելու և զարգացնելու համար: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ՄՕԿ –ի
«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի աջակցությամբ, օգոստոսի 24-ից Երևանում անցկացնում է ութօրյա տեսագործնական դասընթաց: Միջոցառմանը մասնակցում են Երևանի,Գավառի և Աբովյանի 25 պատվիրակներ: Հաջորդ երկու ամիսներին կանցկացվեն 2-րդ և 3-րդ փուլերը: ՀԱՕԿ-ի հրավերով և աջակցությամբ աշխատանքները ղեկավարում է Շաիլեն Ռամդուն /Ֆինլանադիա /: Նա երկար տարիներ հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում,ապա տեղափոխվել է Ֆինլանդիա,ուր աշխատում է մարզիչ-հրահանգիչ: Միջազգային ֆեդերացիայի ծրագրով պահանջվում է առավելապես երիտասարդ մարզիկներին և մարզիչներին ներգրավել դասընթացներում:
- Գործնական աշխատանքների համար հիանալի պայմաններ ունի «Գրանդ սպորտի» համալիրը, - զրույցի ժամանակ ասաց Ռամդուն: - Այստեղի ավազե խաղադաշտը ոչնչով չի զիջում օլիմպիական ասպարեզներին: Հաճելիորեն զարմացած եմ: Հայ մասնագետները նույնպես լավ են տիրապետում մարզաձևի գաղտնիքներին:Պարապմունքներում ընդգրկվածները 10-18 տարեկան պատանիներ են: Նրանց վարպետության աստիճանը պարզ կդառնա 2-4 տարի հետո: Աշխատում ենք նաև 20-21 տարեկան մարզիկների հետ: Նպատակ կա երիտասարդ խաղացողներին ընդգրկել նաև մարզչական աշխատանքում: Ինքս, օրինակ, 16 տարեկանում եմ սկսել վոլեյբոլի խումբ ղեկավարել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սատարում է լողափնյա վոլեյբոլի զարգացումը Հայաստանում և առավելապես կարևորվում է մարզվողների ընդհանուր ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականությունը,որոնց շնորհիվ հեշտ են լուծվում տակտիկական հարցերը: 52-ամյան Շայլե Ռամդուն մինչ այցելությունը ուսումնասիրել է Հայաստանի վոլեյբոլի պատմությունը: Գիտե օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Նինա Մուրադյանի, Եվրոպայի չեմպիոն Սերոբ Փլավչյանի մասին:Ենթադրում է,որ նպատակային աշխատանքների պարագայում լողափնյա վոլեյբոլը մեզանում լուրջ հաջողություններ կգրանցի: