Հոկտեմբերին կմեկնարկի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին այս տարի կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և Արցախից:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այս մրցաշրջանում լիգային չի մասնակցի «Ինժեներ» ակումբը: Լիգայի նորեկներն են «Արագած» և «Էրեբունի» ակումբները, որոնք ներկայացնում են Երևանը:
Ա լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով, երկու շրջանով, մեկնումներով ՝ տուն-դուրս տարբերակով: Այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Ա լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը՝ «Ուրարտու Վիվարո» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Արագած» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան) և «Էրեբունի» (Երևան):
Ա լիգան կմեկնարկի հոկտեմբերի 6-ին և կշարունակվի մինչև 2019 թվականի մայիս ամիսը: