Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ըմբիշները նվաճեցին վեց մեդալ: 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալի:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց Կիեւում անցկացված միջազգային մրցաշարում մեր ըմբիշների մասնակցության մասին.
«Շատ ուժեղ մրցաշար էր: Բազմաթիվ թիմեր եկել էին առաջին կազմով: Մենք լիարժեք մրցումային պատրաստվածությամբ Կիեւ չէինք մեկնել, քանի որ մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը ճիշտ պատրաստվելն է: Ընդհանուր առմամբ մեր տղաները լավ մասնակցեցին: Իհարկե, նկատվեցին նաեւ թերություններ, որոնց վրա պետք է աշխատել: Երիտասարդների էլ էինք ընդգրկել, որոնք ուրախացրին: Միեւնույն ժամանակ տեսա նրանց բաց կողմերը: Մնում է՝ նախապատրաստության հաջորդ փուլերը լավ անցկացնենք:
Սովորաբար, մենք ցանկացած մրցման մեկնում ենք հաղթելու նպատակով: Բայց քանի որ նոր քաշային կարգեր են եւ օրենքներ են փոխվել (առավոտյան՝ կշեռք, մեկ ժամ անց՝ մրցաշար եւ այլն), տղաները պետք է այդ փորձարկումներն անցնեն: Ամեն մի մարզիկ այս ամենն իր օրգանիզմի վրա պետք է զգա եւ հասկանա: Այս մոտեցումները նրանց համար դեռ անսովոր են: Մարզիկը որքան էլ փորձառու լինի, այս ճանապարհը պետք է անցնի: Սա էր Կիեւում մեր հիմնական նպատակը Եվրոպայից առաջ», - ասաց գլխավոր մարզիչը: