Վաղը լուսադեմին Բուդապեշտ կմեկնեն մեր երկու լողորդներ: Մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով լողի մրցաշարին:
Արթուրը հունիսի 21 –ին կմրցի 100 մ. ազատ լողաոճում: Երկու օր հետո ՝ նույն ոճում իր ունակությունները նա կդրսևորի 50 մետրում, իսկ Վարսենիկը ՝ բատերֆլայում: Մեր մարզուհին հաջորդ օրը նույն ՝ 50 մ. լողուղյակում կմասնակցի ազատ ոճայինների պայքարին:
Մարզահանդեսում ընդգրկված է նաև ջրացատկը: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասաց, որ աշտարակացատկորդների մեկնարկը կտրվի հունիսի 26 –ին, իսկ անունները կհրապարակի ավելի ուշ:
Նշենք , որ այս ստուգատեսը նախատեսված էր անցկացնել ճապոնիայում ՝ 2021թ.: Բայց Տոկիոյի օլիմպիական խաղերի և համավարակի հետ պայմանավորված միջոցառումը հետաձգվեց, իսկ մրցավայր ընտրվեց Բուդապեշտը: