Ձմեռային օլիմպիական խաղեր. Հերթը Պեկինինն է

17:25 - 25 Փետ, 2018

Փհենչհանում կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը։ Հարավկորեացիները շատ գեղեցիկ շոու էին պատրաստել նաեւ ավարտի համար։

Փհենչհան-2018-ում ընդհանուր մեդալային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիան՝ 39 մեդալ ( 14-ական ոսկե ու արծաթե, 11 բրոնզե)։ Երկրորդ տեղում Գերմանիան է ընդհանուր 31 մեդալով ( 14 ոսկե, 10 արծաթե, 7 բրոնզե)։ Երրորդը Կանադան է 29 մեդալով ( 11 ոսկե, 8 արծաթե, 10 բրոնզե)։

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում օլիմպիական դրոշը պաշտոնապես հանձնվեց Չինաստանին։ Սպիտակ խաղերն ընդունելու հերթը Պեկինինն է՝ 2022 թվականին։ Պեկինն օլիմպիական խաղեր անցկացնելու փորձ արդեն ունի։ 2008 թվականին այս քաղաքում կայացել են ամառային օլիմպիական խաղերը։

Փհենչհան-2018-ում Հայաստանը ներկայացրին դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Հայ մարզիկները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում։ Նրանցից մեդալային ակնկալիքներ չկար։

 

Լուսանկարը՝ ՄՕԿ-ի

Այլ նորություններ